Էժեն Դելակրուա
Ծնվել է ապրիլի 26, 1798 - վախճանվել է օգոստոսի 13, 1863 (65 տարեկան)
Ծննդավայր Սեն Մորիս, մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
1816-1822 թվականներին սովորել է կլասիցիստ Պ․ Ն․ Գերենի մոտ։ Դելակրուան առաջին քայլերից համակվել է ռոմանտիզմի ոգով, դարձել նրա առաջադիմական, որոշ գործերով՝ նաև հեղափոխական միտումների արտահայտիչը։ «Քիոսի կոտորածը» (1823–1824, Լուվր, Փարիզ) և «Հունաստանը Միսսոլունգիի փլատակների վրա» (1827, Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) նկարներում պատկերել է հույների տառապանքը թուրքական լծից, նրանց պայքարը ազգային անկախության համար։
Պաշտոնական ակադեմիզմին Դելակրուան հակադրել է հուզախռով, պայքարող արվեստ։ Առնական, վեհանձն, խոր և կրքոտ կերպարներ ստեղծելու նպատակով Դելակրուան դիմել է Շեքսպիրի, Գյոթեի, Բայրոնի, Սքոթի ստեղծագործություններին։ «Ֆաուստի» (1827–1828) և «Համլետի» (1834–1843) վիմագրություններն արժանացել են Գյոթեի գովեստին։
1830 թվականին, Հուլիսյան հեղափոխության անմիջական տպավորության տակ, Դելակրուան ստեղծել է «Ազատությունը բարիկադների վրա» (Լուվր) կտավը։
Ֆրանսիական մեծ հեղափոխությանն են նվիրված 1831 թվականի նրա երկու նկարները՝ «Բուասսի դ'Անգլան Կոնվենտում» (Գեղեցիկ արվեստների թանգարան, Բորդո) և «Միրաբոն ու Դրյո–Բրեզեն» (Նոր Կարլսբերգյան գլիպտոդարան, Կոպենհագեն)։
1832 թվականին ճանապարհորդել է Ալժիրում և Մարոկկոյում, ստեղծևլ Արևելքը պատկերող կտավներ («Ալժիրի կանայք», 1833–1834, Լուվր, և այլն)։
Դելակրուայի արվեստի ռեալիստական միտումները վառ կերպով արտահայտվել են դիմանկարներում («Ինքնանկար», 1829, «Ֆ․ Շոպեն», 1838, երկուսն էլ՝ Լուվրում), բնանկարներում, նատյուրմորտներում, որմնանկարներում (Բուրբոնյան, 1833–1847, Լյուքսեմբուրգյան, 1845–1847, պալատներում և այլուր)։
Դելակրուայի ստեղծագործությունը XIX դարի համաշխարհային արվեստի բարձունքներից է։ Նա առաջիններից էր․ որ կիրառեց գույնի տարրալուծման սկզբունքը, լրացուցիչ տոների, երանգավորված ստվերների ու արտացոլումների համակարգը՝ մասամբ կանխելով իմպրեսիոնիստների հայտնագործումները։