ՀՈՎՍԵՓ ԿԱՐԱԼՅԱՆ
Գեղանկարիչ 1 փետրվար, 1897 - 24 ապրիլ, 1981
Ծնվել է Թիֆլիսում: 1914-16թթ սովորել է Թիֆլիսի Գեղեցիկ արվեստների խրախուսման կովկասյան ընկերությանը կից գեղարվեստի և քանդակագործության դպրոցում: 1917թ. սկսել է մասնակցել ցուցահանդեսների: 1922-26թթ դասավանդել է Թիֆլիսի միջնակարգ ուսումնական հաստատություններում: 1927թ. տեղափոխվել է Մոսկվա, դասավանդել Մոսկվայում Հայաստանի ՄՊ գեղարվեստի ստուդիայում: 1935թ. Մոսկվայի հայկական պետական ստուդիայում կատարել է Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» պիեսի բեմական ձևավորումը: 1936-40թթ ուսանել է Մոսկվայի Համամիութենական գեղարվեստատեխնիկական ինստիտուտում՝ Ա.Ֆավորսկու և Յ.Կրավչենկոյի արվեստանոցներում: 1942թ-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ: 1947թ. տեղափոխվել է Բաքու: 1948-53թթ նկարչություն է դասավանդել Աշխաբադից Բաքու փոխադրված գեղարվեստի ուսումնարանում: 1953թ. տեղափոխվել է Երևան: Սկսել է մասնակցել հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների: Զբաղվել է Հայաստանի ԳՏՑ վիտրաժների ձևավորմամբ (Ռ.Շահվերդյանի հետ): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1967թ.), Մոսկվայում (1969թ.), Նովոսիբիրսկում (1969թ.): Ստեղծագործական կյանքի ընթացքում զբաղվել է պլակատների և գրքերի ձևավորմամբ: Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Երևանի Հ.Թումանյանի տուն-թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1977թ.՝ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Մահացել է Երևանում: